24 հուլիսի 2025

ՀՀ ՊԵԿ-ի կողմից շրջանառվող նախագծերով լուծվել են ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի նիստում քննարկված մի շարք հարցեր

Brown Simple Home For Sale Facebook Post (3)

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շրջանառել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցով լուծում են ստացել Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից քարտեզագրված և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ անցկացված ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում բարձրացված մի շարք հարցեր։

 

Այս փուլում լուծում ստացած հարցերն են` 

 

Հարց: Ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտվում հնարավորության ընդլայնում: Հարցը քննարկվել է ապրիլի 4-ին կայացած ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի 32-րդ նիստի շրջանակներում:  

Խնդիր: Երբ բարդ կամ բարձրարժեք սարքավորումները մատակարարվում են, դրանց թերությունները հաճախ բացահայտվում են ոչ թե անմիջապես, այլ տեղադրման, փորձարկման կամ շահագործման ընթացքում։ Գործող օրենսդրությամբ այդպիսի դեպքերում ապրանքի վերադարձի կամ գործարքի ճշգրտման համար որևէ լուծում նախատեսված չէ։  Առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ ընդլայնելով ապրանքների մատակարարման  գործարքների ճշգրտման դեպքերը։

Լուծում: Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի գործարքի կողմերի միջև համաձայնության դեպքում վերադարձնել մատակարարված ապրանքները և համապատասխանաբար ճշգրտել հաշվարկային փաստաթղթերը։

 

Հարց: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հարկային վարչարարության պարզեցում): Հարցը քննարկվել է հունիսի 6-ին կայացած ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի 35-րդ նիստի շրջանակներում: 

Խնդիր: Գործնականում առկա են դեպքեր, երբ ռեզիդենտ հարկ վճարողը ոչ ռեզիդենտի հետ գործարքի արդյունքում դուրս է գրում ինքնահաշիվ, վճարում ԱԱՀ-ն, սակայն որոշ ժամանակ անց պարզում է, որ հաշվում առկա է սխալ և անհրաժեշտ է ճշտել այն։ Այդ դեպքում անհրաժեշտ է չեղարկել հաշիվը և դուրս գրել նորը։ Տվյալ պարագայում, ըստ գործող օրենսդրության, հաշվում արտացոլված ԱԱՀ-ի ամբողջ գումարի նկատմամբ կիրառվում է տույժ։

Լուծում: Հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների արդյունքում տույժ կհաշվարկվի միայն այն դեպքում, երբ չեղարկված հաշվի փոխարեն նոր դուրս գրված հաշվով կավելանա ԱԱՀ-ի գծով պարտավորությունը՝ բացառապես ավելացած գումարի չափով։

 

 

Հարց: Հայաստանում ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի հաշվետվություններ ներկայացնելու խնդիր: Հարցը քննարկվել է հունիսի 6-ին կայացած ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի 35-րդ նիստի շրջանակներում: 

Խնդիր: Գործող օրենսդրության համաձայն ՀՀ-ում ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար նախատեսված է ԱԱՀ-ի հաշվետվությունների  ներկայացման 2 վերջնաժամկետ՝ ամսական և եռամսյակային՝ կախված այն հանգամանքից, թե ծառայություն ստացողը ֆիզիկական անձ է, թե շրջանառության հարկ վճարող։ Նման կարգավորումը շփոթություններ է առաջացնում հաշվետվողականության առումով, ինչը գործարար միջավայրի տեսանկյունից բարենպաստ չէ Հայաստանում ծառայություններ մատուցող արտասահմանյան կազմակերպությունների համար։

Լուծում: Օրենքի ընդունման արդյունքում կգործի ԱԱՀ-ի հաշվետվության ներկայացման միայն մեկ հաշվետու ժամանակաշրջան, ինչը կհեշտացնի օտարերկրյա կազմակերպությունների հարկային համապատասխանությունը Հայաստանում։

 

Հարց: ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված մի շարք հարցեր և դրանց հնարավոր լուծումներ:Հարցը քննարկվել է մայիսի 16-ին կայացած ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի 33-րդ նիստի շրջանակներում:

Խնդիր: ԵԱՏՄ-ի էլեկտրոնային առևտրի հարթակներում ապրանք վաճառող բիզնեսները հաճախ դժվարություններ են ունենում վաճառքներից գոյացող եկամուտների փաստաթղթավորման, հետևաբար նաև հարկային մարմնին հաշվետվությունների ներկայացման հարցերում։

Լուծում: Օրենքի ընդունումից հետո վաճառված ապրանքների մասին տեղեկություններ պարունակող հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու պարտավորությունը կրելու են ԵԱՏՄ-ի էլեկտրոնային առևտրի հարթակները։ Միաժամանակ, այդ տեղեկատվությունը ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգում հասանելի է լինելու ապրանքները վաճառող բիզնեսներին։

Էլեկտրոնային առևտրին վերաբերող մյուս առաջարկներին անդրադարձ կլինի աշնանը սպասվող ՊԵԿ-ի նախագծերում, որոնք ըստ նախնական տեղեկատվության, լուծելու են վերը նշված խնդիրները։