17 հունիսի 2025
Կառավարման համակարգերի եւ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր
Այլ
Խորհրդի նիստեր

ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակում քարտեզագրված, IC Armenia փորձագիտական թիմի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակված փաթեթը քննարկվել է փոխվարչապետի գլխավորությամբ նիստում, և հաստատվել Կառավարության կողմից։
Աջակցության ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով սերտիֆիկատների ստացման հետ կապված որոշակի ծախսեր:
Նախկինում ունեցած գործարարների հետ քննարկումները վկայում են, որ առկա է արտադրություններում կառավարման համակարգեր ներդնելու կարևորության գիտակցության աճ, սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր, ինչը բացասաբար է ազդում աճի պոտենցիալի և որակի բարձրացման ջանքերի վրա։ Վիճակագրությունը ևս վկայում է, որ որակի կառավարման միջազգայնորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից և համանման երկրների հետ համեմատության մեջ։
Նախագիծը տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման համակարգերի ներդրման միջոցով կխթանի հայաստանյան ընկերությունների արտադրանքի որակի բարձրացմանը։
Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։
Փոխհատուցումն իրականացվում է հետևյալ չափերով՝
1) ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ,
2) ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,
3) «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից [email protected] էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի հիման վրա։
Նախագիծը վերջերս քննարկվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ՓՄՁ Զարգացման Խորհրդի նիստի ընթացքում, որից հետո էլ ընդունվել է Կառավարություն կողմից:
Ավելին` https://tinyurl.com/53m9u35a