9 հունիսի 2025
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 35-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ
Հարկային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Հունիսի 6-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 35-րդ նիստը:
Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես՝
ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հարկային վարչարարության պարզեցման վերաբերյալ,
կորպորատիվ բանկային քարտերով վճարման դեպքում ԱԱՀ վճարողներին թույլատրել հաշվանցել այն ԱԱՀ-ի գումարները, որոնք արտացոլվում են իրենց կողմից իրականացված ձեռքբերումը հավաստող ՀԴՄ կտրոնով,
Ինչպես նաև` ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնման վերաբերյալ հարցը։
ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցերի շուրջ։ Մասնավորապես, հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին` Վլադիմեր Շատվերովը` «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Ղալումյանը և Կամո Կարապետյանը, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը և ՓՄՁ խորհրդի հարկային աշխատանքային խմբի անդամ Սերգեյ Խաչատրյանը: Ելույթով հանդես եկան նաև ՀՀ ՊԵԿ, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։
Արդյունավետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները առաջիկայում կշրջանառեն մի քանի նախագծեր, որոնցում վերը նշված հարցերը ներառված կլինեն և անհրաժեշտության դեպքում IC Armenia-ն` խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակեն նախագծերը։